CRIMINALTIME.COM
Broadcasted ​​by
"INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION"


MARCH 1   2008
ARMENIA - YEREVAN
Բողոքի ակցիաներ Երևանում (2008)

Իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։ Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10-30 և վիրավորվեց մոտ 300 մարդ։
Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար, ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։

Ժամանակագրություն

Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին` համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ամբոխի դեմ` վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում արդյունքները։ Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Բողոքի ակցիաները շարունակվեցին փետրվարի 22-ին։ Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները` կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյաինին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով` վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։ Պաշտպանության նախարարությունը հերքեց Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ երկու փոխնախարարները խոստացել են թույլ չտալ բանակի միջամտությունը բողոքի ցույցերին, սակայն Երկրապահ կամավորների միությունը շարունակում էր վիճարկել այդ հարցը։ Ցույցերը շարունակվում էին առանց պաշտոնական թույլտվության։ Ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային խախտումներով։ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը (Հ1) քննադատում էին բողոքի ցույցերն ամբողջապես չլուսաբանելու համար։
Փետրվարի 22
Ըստ շրջանառվող տեղեկությունների` ցույցերի երրորդ օրը հրապարակում ներկա էր 30,000 մարդ։ Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը բողոքի ակցիաները համարում էր շանտաժ` սպառնալով կիրառել ուժ բոլոր նրանց հանդեպ, ովքեր կխախտեն օրենքը։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այն ժամանակ ներկայացնում էր ընդդիմադիր ճամբարը, պնդում էր, որ իշխանությունները բավականաչափ համարձակություն չունեն` ցույցերը ցրելու համար։ Փետրվարի 23-ին ցուցարարների թիվը հասավ 50,000-ի։ Քոչարյանն ընդդիմությանը մեղադրում էր իշխանությունը զավթելու փորձերի մեջ և կոչ անում գործող կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ` կարգուկանոն պահպանելու համար։ Ոստիկանությունը միևնույն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ` իր պատրաստակամությունը հայտնելով "ձեռնարկել վճռական գործողություններ հասարակական կարգուկանոնը խախտելու և իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերի դեմ և կանխել ծայրահեղական ցանկացած դրսևորում` մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար"։ Հայտարարությունում հերքվում էին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը։
Փետրվարի 23
Ռոբերտ Քոչարյանի հրամանով պաշտոնից ազատվեց գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Փետրվարի 27-ին նրան ձերբակալեցին` ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեղադրանքների հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Փետրվարի 25
Փետրվարի 25-ին 40-ից 50 հազարանոց մարդկանց բազմությունը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ուր մի քանի անգամ խաղաղ հանրահավաք կազմակերպելու հրապարակային կոչերոով հանդես եկավ Լ. Տեր-Պետրոսյանը։ Վերջինս իր ելույթներում վկայակոչում էր 1980-ականների վերջերը, երբ խորհրդային իշխանությունները ձերբակալեցին իր գլխավորած Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Առաջին նախագահն ասում էր, որ չի վախենում ձերբակալությունից կամ քաղաքական սպանությունից, և եթե իշխող քաղաքական ուժի` Հայաստանի հանրապետական կուսակցության պատվերով իրեն ոչնչացնեն, դա միայն կնպաստի տվյալ քաղաքական կառույցի արագ ոչնչացմանը։ Նույն օրը երկու անգամ ելույթ ունեցավ ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանը, որն իր խոսքում անդրադարձավ հայերի մասնակցությանը Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխական շարժումներին։ Կեսգիշերին մոտ ցուցարարների թիվը հասել էր 10-ից 15 հազարի. նրանցից ոմանք գիշերն անցկացրին վրաններում։
Փետրվարի 26
Փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին, որ հանրակրթակրթական դպրոցների տնօրեններն իշխող կուսակցությունից հրահանգ են ստացել մասնակցել նորընտիր նախագահի թիմակիցների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք ցույցին։ Առավոտյան արդեն արգելափակված էին էլեկտրոնային փոստեր սպասարկող մի շարք կայքեր (այդ թվում`Hotmail, Gmail ևն)։ Նույն օրը ձերբակալվեցին Տեր-Պետրոսյանի մի շարք կողմնակիցներ, ովքեր վայելում էին հասարակական լայն ճանաչում։ Ըստ հաղորդվող տվյալների` իշխանամետ ճամբարի կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցել է շուրջ 100.000 մարդ։ Առաջին նախագահի պնդմամբ` իր հանրահավաքին մասնակցողների թիվը կրկնապատկվել էր, քանի Հանրապետականի հանրահավաքի շատ մասնակիցներ հեռացել են այնտեղից` ներկա գտնվելու իր կազմակերպած միջոցառմանը։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այդ ընթացքում պնդում էր, որ կարողացել է կանխել ընդդիմության կողմից Երևանի հեռուստատեսային աշտարակը գրավելու փորձերը։ Ըստ նրա` նման դավադրության նպատակն է եղել Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր տրամադրելը։ Սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվեցին ընդդիմության մամուլի քարտուղարի կողմից, որն արված հայտարարությունը որակեց որպես հոգեբանական ճնշում։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրն ակնարկեց, որ իր կառավարության համբերության բաժակը կարող է լցվել և կոչ արեց ցուցարարներին խելքի գալ։
Փետրվարի 27
Փետրվարի 27-ին Երևանի կենտրոնական փողոցներում հայտնվել էին ավելի մեծ թվով ցուցարարներ։ Երեկոյան նրանց թիվը նորից հասել էր տասնյակ հազարների. շատացել էին նաև վրանները։ Ամբոխը լի էր բնակչության ամենատարբեր շերտերը ներկայացնող մարդկանցով` գյուղացիներով, ուսանողներով, երեխա ունեցող ընտանիքներով, պետական համակարգում աշխատող անձանցով, ինչպես նաև` ընդդիմադիր ուժերի առաջնորդերով։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում ցուցարարները ներխուժեցին Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող "Կարապի լիճ" սրճարան։ ԱԱԾ-ն հետագայում խոստովանեց, որ ընդդիմադիր առաջնորդներին բռնությունների հրահրողներն եղել են իր աշխատակիցները։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները (որոնց թիվը 1։3-ի հարաբերակցությամբ գերազանցում էր համազգեստ կրող ոստիկաններին և զինվորականներին) թույլ չէին տալիս, որ լրագրողները լուսանկարեն տարածքը։ Սակայն ի հեճուկս դիմադրությունների (անձնական անվտանգության հասցեին հնչեցված և տեսախցիկները կոտրելու սպառնալիքներին), վերջիններից ոմանք կարողացան հասնել իրենց նպատակին։ Ցույցն այնուհետև շարունակվեց առանց միջադեպերի։
Փետրվարի 28
Փետրվարի 28-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները շրջափակված էին ոստիկանության մեքենաներով, որն անհնարին էր դարձնում մեքենաներ կայանելը, ինչպես նաև ուղևորներ վերցնելը և իջեցնելը։
Փետրվարի 29
Փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասել էր 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցել էր շուրջ 100 հազար մարդ։
Մարտի 1
Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ամբոխի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնկյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։ Վկաներից մեկը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ հրապարակում իրենց երկու կողմից մոտեցել են սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով զինված ոստիկանության հատուկ ջոկատներ։ Վերջիններս, ըստ ականատեսների, առանց նախազգուշացման սկսել են ցանել ջուր ու իրենց ռետինե մահակներով ու էլէկտրական հարված հասցնող սարքերով հարձակվել ցուցարարների վրա։ Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկանների կողմից. տարածքը թափոններից ու արյան հետքերից մաքրելու համար օգտագործվում էին ջրի մեծ տակառներ (միևնույն ժամանակ, ոստիկանության հատուկ զորրքերը անում էին ամեն ինչ` անցորդներին տարածքը լուսանկարել թույլ չտալու համար)։ Կարապի լճի սրճարանը չորս կողմից փակել էին վրանի քաթանով, որպեսզի տեսանելի չլինի` ինչ է կատարվում ներսում։ Ըստ շրջանառվող լուրերի` ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։ Ժամը 11։30-ի սահմաններում Ազատության հրապարակից մինչև Հյուսիսային պողոտա, այնուհետև` դեպի Ֆրանսիայի դեսպանատուն շարժվեցին շուրջ 1000 խաղաղ ցուցարարներ։ 1։30-ին մոտ տարածք բերվեց ոստիկանության զրահապատված անվասայլակը, որի շուրջ հավաքվեց ահագնացող ամբոխը։ Ժամը 2-ին մոտ հրապարակում հավաքված բազմությունը շուրջ 150,000-ով գերեզանցում էր նախորդ օրերին հավաքված բազմությանը։ Ոստիկանության հատուկ ծառայողների թիվը գերազանցել էր 3000-ը։


Մարտի 1-ի գործ

Գործի նկարագրությունը



2008 թվականի մարտի 1-2-ին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի չափազանց կիրառման հետևանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ընդդիմության միջև, որոնք հանգեցրին զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների։ Տասը մարդ զոհվեց (2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ) և երկու հարյուր մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան բախումների արդյունքում։ Սակայն այսօր՝ այդ դեպքերից 6 տարի անց, այդ տասը անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազեն վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որը օգտագործվել է միանշանակ միայն իրավապահ մարմինների կողմից: Չնայած, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011թվականի ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, սակայն մեղավորները այդպես էլ չբացահայտվեցին։

Ավելի քան հարյուր ընդդիմադիրներ կալանավորվել և դատարանի առաջ են կանգնեցվել մարտի մեկի դեպքերից հետո։ Նրանց հիմնական մասը մեղադրվել է կեղծ մեղադրանքների հիման վրա և դատապարտվել քաղաքականացված դատավարությունների արդյունքում։

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծվեց փաստահավաք հանձնաժողով, որը ներկայացրեց մի շարք առաջարկություններ: Այդ առաջարկությունների կատարման դիտարկմամբ զբաղվում է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը: 2012 թվականին կրկին հնչեցվեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկությունը, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության և ՀՀԿ խմբակցության միջև արդձանագրված փոխհամաձայնության արդյունքում այդ հանձնաժողովի ստեղծման մասին քվեարկությունը հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Նախաքննության ընթացքը

Տարբեր ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների արդարադատություն երաշխավորելու և մեղավորների բացահայտելու ու պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ կոչերի արդյունքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2011 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակեց մի տեղեկատվական հաղորդում, որում ներկայացված էր ՀՀ իշխանությունների պաշտոնական վարկածը` 2008 թվականի մարտի 1 և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, և ամփոփվում էին արձանագրված միջադեպերը և հարուցված քրեական գործերով կատարված քայլերը: Հաղորդման մեջ զոհված քաղաքացիական անձինք ներկայցված են որպես ապօրինի գործողություններ կատարողներ, որոնք զոհվել հենց դրա հետևանքով, և անգամ ոստիկանների մահվան մեջ կրկին մեղադրվում են ցուցարարները: ՀՔԾ-ն որակավորել էր այդ իրադարձությունները որպես զանգվածային անկարգություններ, և քրեական գործ էր հարուցել 2008 թվականի մարտի 1-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, մարտի 1 և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակիցների կողմից բռնություն գործադրելու, ձարդ և հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու և վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելու և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու փաստերի առթիվ:

2008 թվականի մարտի 2-ին քրեական գործեր հարուցվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և 3-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ զուգորդված սպանություններով): Հետագայում մի շարք անձանց նկատմամբ քրեական գործերն անջատվել են, քանի որ այդ անձինք մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը (301 հոդված), Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը (316 հոդված), ուրիշի գույքի հափշտակության մեջ (176 հոդված), Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (235 հոդված): Այդ քրեական գործի նյութերի համաձայն`վերո նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակներ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ու 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին` գույքային: Արդյունքում` 152 անձանց մեղադրանք է առաջադրվել, սակայն միայն 117 անձի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան:

Դատավարությունները

ՀՀ դատարաններում վերոնշված 117 անձից 5 անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, 65-ը` դատապարվել են ազատազրկման, 6-ը` արդարացվել են, իսկ մեկ հոգին ճանաչվել է արարքը կատարելու ժամանակ անմեղսունակ: Հետագայում ազատազրկման դատապարտվածներից 28 անձին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է ներում, իսկ 26 անձը ազատվել են պատիժը կրելուց` ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման արդյունքում: Ներկա դրությամբ 2008 թվականիի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտվածները ազատ են արձակվել 2009 թվականի հունիսի 19-ին և 2011թ-ի մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի կողմից Համաներման որոշումների հիման վրա։

2008 թվականի մարտի մեկի գործերով արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ որպես մեղադրանքի հիմք օգտագործվել են անօրինական ճանապարհով՝ խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցներ։ Դատաքննությունների ընթացքում մի շարք վկաներ հայտնել են դատարանին, որ իրենց ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանզի դրանք կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո: Սույն հայտարարությունների հիման վրա հարուցվել էր 3 քրեական գործ, որոնք, սակայն, հետո կարճվել են նախատեսված հանցադեպերի բացակայության հիմքով: Գործ է հարուցվել նաև մեկ վկայի դեմ կեղծ ցուցմունք տալու կապակցությամբ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության կիրառման փաստի վերաբերյալ հղում է կատարվել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից (ԽԿԿ) իր 2010 թվականի մարտի 19-ին հրապարակած 2008 թվականի մարտի 1-ի բախումների վերաբերյալ զեկույցում: Հանաձայն այդ զեկույցի, ձերբակալված գրեթե բոլոր մարդիկ պնդում են, որ իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական բռնությունների են ենթարկվել, ինչը հերքում են ՀՀ իշխանությունները:

Իրավապահ մարմինների պատասխանատվության հարցը

Բազմաթիվ հորդորների ճնշման ներքո քրեական պատասխանատվության են ենթարկվել նաև քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բռնություն կիրառած ոստիկանները: Սակայն նման տպավորություն է ստեղծվում միայն առաջին հայացքից: Իրոք, ոստիկանության 4 աշխատակիցներին մեղադրանք առաջարվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ), նրանք 2009թ. դեկտեմբերին դատարանի կողմից անգամ մեղավոր ճանաչվեցին, և դատապարտվեցին 2 եւ 3 տարի ազատազրկմամբ, սակայն նրանք ազատվեցին դատական նիստերի դահլիճից՝ 2009թ.-ի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն: Ավելին, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատիժը՝ մեկ տարի ժամկետով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց՝ բավարարելով ոստիկանների վերաքննիչ բողոքը:

Միայն դատախազի ցուցումով` 2009 թվականի հուլիսի 13-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի հատկանիժներով`ԿՍ-23 տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք մարդու մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այդ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 4 անձանց, և իրենց նկատմամաբ որպես խափանման միջով կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննական մարմինը պնդում է, որ չի հաջողվել գտնել այնպիսի մասնագետի կամ փորձագետի, ով կկարողանա ապահովել կիրառված և մահ պատճառած հատուկ միջոցների նույնականացումը, հետևաբար, հնարավոր չէ հստակեցնել մեղադրանքը և պարզել, թե 4 ոստիկաններից ով է վիրավորել զոհվածներին: Չնայած, որ այս 3 զոհերին մահ է պատճառվել իշխանության ներկայացուցիչների կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում, անգամ նրանց ընտանիքները ոչ մի փոխհատուցում չեն ստացել պետության կողմից:

Զոհված անձանց գործը

Նախ, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին 10 մահվան դեպքերը որակավորվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ զուգորդված սպանություններով): Սակայն քիչ անց, մարտի մեկյան դեպքերից ընդամենե մեկ տարի անց, 2009 թվականի մարտին ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում 225 հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրեց, իսկ միևնույն ժամանակ 104 հոդվածը (սպանություն) համալրվեց նոր ծանրացուցիչ հանգամանքով`10.1 կետով, այսինքն` սպանությունը, որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից։ Արդյունքում`104 հոդվածի 10.1 կետով զոհերի (և քաղաքացիական անձանց, և ոստիկանների) մահվան փաստի վերաբերյալ հարուցվեց նոր քրեական գործ, որն միացվեց զանգվածային անկարգություններվ հարուցված քրեկան գործի հետ մեկ վարույթում։ Նման մոտեցումը մեկ անգամ ևս հաստատեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ամենում մեղադրել ցուցարարներին և խուսափել իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուց: Չնայած բազմաթիվ կոչերի և ՀՀ իշխանությունների խոստումների՝ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այդ մահվան դեպքերի համար:

2008 թվականի մարտի 10-ի զոհերից 9-ի գործով նախնական նամակներ են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան զոհերի իրավահաջորդների կողմից։
VIDEOS