CRIMINALTIME.COM
Broadcasted ​​by
"INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION"


Գենդերային բռնություն

Այսօր գենդերային բռնության (ԳԲ) խնդիրը ճանաչված է որպես մարդու իրավունքների ոտնահարման ամենաակնառու եւ մտահոգիչ դրսևորումներից մեկը, որն առկա է մոլորակի գրեթե բոլոր հասարակություններում` ներառյալ Հայաստանում։

Գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակներում ՄԱԲՀ-ն, Նորվեգիայի կառավարության հետ համատեղ, իրականացրել է «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ի՞նչ է ԳԲ-ն: Թեև այսօր չկա ԳԲ-ն սահմանող մեկ համընդհանուր եզրույթ, այնուամենայնիվ, այն կարելի է բնութագրել որպես սեռով պայմանավորված ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնության կիրառում։

Ի՞նչ է կանանց նկատմամբ բռնությունը (ԿՆԲ): Գործողությունների պեկինյան ծրագրում կանանց նկատմամբ բռնությունը բնութագրվում է որպես գենդերային բռնության հետ կապված ցանկացած գործողություն, որն ամենայն հավանականությամբ հանգեցնում է կանանց ֆիզիկական, սեռական կամ հոգեկան ցավի կամ տառապանքի, այդ թվում նաև՝ նման գործողությունների սպառնալիքը, հարկադրանքը կամ ազատության կամայական սահմանափակումը, անկախ նրանից, թե այն տեղի է ունենում հրապարակայնորեն թե մասնավոր կյանքում։

Ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ ԳԲ-ն: Կանանց նկատմամբ բռնությունը կարող է տարատեսակ ձևեր ունենալ՝ սկսած զգացմունքների վիրավորանքից մինչև արժանապատվության ոչնչացումը։ Գործողությունների պեկինյան պլատֆորմում այն հետևյալ կերպ է նկարագրված.

Ընտանիքում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ ծեծ, աղջիկ-երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն, օժիտի հետ կապված բռնություն, ամուսնու կողմից բռնաբարություն, կանանց սեռական օրգանների խեղում և կանանց համար վնասակար այլ ավանդապաշտական գործողություններ, ոչ-ամուսնական բռնություն և շահագործման հետ կապված բռնություն,
Հասարակությունում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ բռնաբարություն, սեռական շահագործում, սեռական ոտնձգություններ և ճնշման գործադրում աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլ վայրերում, կանանց թրաֆիքինգ և հարկադրված մարմնավաճառություն,
Պետության կողմից իրականացվող կամ հանդուրժվող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն՝ որտեղ էլ որ այն տեղի ունենա։
Կանանց նկատմամբ բռնության այլ գործողությունները ներառում են կանանց մարդու իրավունքների ոտնահարումը զինված հակամարտությունների ժամանակ, մասնավորապես՝ սպանությունը, պարբերական բռնաբարությունները, սեռական ստրկությունը և պարտադրված հղիությունը։ Նույն շարքին են դասվում նաև հարկադիր ստերջացումը, հղիության պարտադրված ընդհատումը, հակաբեղմնավորիչ միջոցների ստիպողական գործածումը, իգական սեռի նորածինների սպանությունը և պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։

Որո՞նք են ԳԲ-ի նախադրյալները։ ՄԱԲՀ-ն այն համոզման է, որ կանանց նկատմամբ բռնությունն ուղղակիորեն առնչվում է գենդերային անհավասարությանը։ Կրթության ու զարգացման հնարավորությունների ոչ մատչելի լինելը, ինչպես նաև համայնքներում սոցիալական ցածր կարգավիճակը ևս նպաստում են կանանց նկատմամբ բռնության կիրառմանը։ 

Ինչպիսի՞ն են ԳԲ-ի հետևանքները։ ԳԲ-ն կարող է ունենալ ֆիզիկական, մտավոր, հանրային և տնտեսական հետևանքներ ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության համար։ ԳԲ-ն կարող է խոչընդոտել կայուն զարգացմանն ուղղված անգամ ամենաեռանդուն ջանքերը և խաթարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առողջ, բարգավաճ հասարակությունների կայացումը, այն դեպքում, երբ նման հասարակությունները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, այդ թվում նաև կանանց իրավունքների, հարգման ու պաշտպանության վրա։ Մարմնական վնասվածքները, մահը, սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները (Սեռավարակներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, անցանկալի հղիություններ, հղիության ստիպողական ընդհատումներ, վիժումներ, նորածնի ցածր քաշ և պտղի ներարգանդային մահ), ռիսկային վարքագիծը (բազմաթիվ զուգընկերներ, չպաշտպանված սեռական հարաբերություն, թմրանյութերի օգտագործում), հոգեկան առողջության խնդիրները (ընկճախտ, հետտրավմատիկ սթրեսային շեղումներ, անքնություն), ֆիզիկական առողջության խնդիրները (գլխացավ, ողնաշարային, որովայնի ցավեր, սահմանափակ շարժունություն և այլն) ԳԲ-ի հետևանքներից մի քանիսն են միայն։ Մեկուսացումը, անաշխատունակությունը, եկամուտների կորուստը, սեփական անձի ու երեխաների խնամքն իրականացնելու սահմանափակ ունակությունը ԳԲ-ի հանրային և տնտեսական հետևանքների շարքից են։

Կա՞ն արդյոք միջազգային իրավական կամ ռազմավարական գործիքներ ԳԲ-ի դեմ պայքարելու համար: Այո, կան։ Համաշխարհային մասշտաբով ԳԲ-ի հաղթահարման և գենդերային անհավասարության ու անարդարության վերացման կարևորությունն արտացոլված է մի շարք միջազգային փաստաթղթերի դրույթներում և հոդվածներում։ Ահա դրանցից առավել ուշագրավները.

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան
Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին ՄԱԿ-ի Հռչակագիրը
Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) գործողությունների ծրագիրը - ՄԱԲՀ
Գործողությունների պեկինյան պլատֆորմը
Հազարամյակի զարգացման հռչակագիրն ու նպատակները
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձեւը:
Ընտանեկան բռնությունը՝ որպես հանրային-սոցիալական հիմնախնդիր Հայաստանի Հանրապետությունում

Հեղինակ: Anna Danielyan
Ամսաթիվ: Ապրիլ 14, 2016
FacebookTwitterGoogle+LinkedInBlogger PostEvernotePinterestRedditShare
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ում ընտանիքը՝ որպես սոցիալական-քաղաքական ինստիտուտ, կրեց մի շարք արժեքային փոխակերպումներ: Դեռևս հետխորհրդային շրջանից առկա ներընտանեկան հարաբերությունները (հավելենք, որ ԽՍՀՄ շրջանում ևս մեծ է եղել ընտանեկան բռնության տեսակարար կշիռը՝ բխելով առկա վարչակարգից, արժեհամակարգից, հասարակական-սոցիալական միջավայրից և այլն) ավելի բարդացան՝ պայմանավորված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային անկայունությամբ: Սա էլ իր հերթին հանգեցրեց ընտանեկան հարաբերությունների ոչ կառուցողական, ագրեսիվ բնույթին՝ ընդհուպ մինչև ընտանեկան բռնությանը: 

Ընտանեկան (տնային կամ կենցաղային) բռնությունը հանդիսանում է համակարգված գործողությունների ամբողջություն, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական (ապտակ, ծեծ), հոգեբանական (հայհոյանք, անտեսում, բաժանման սպառնալիք), սեռական (կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ), տնտեսական (աշխատանքի արգելք, գումարից զրկում) ճնշումներով ամուսին-կին, ծնող-երեխա, ընտանեկան-ազգակցական յուրահատուկ հարաբերություններ կառուցած այլ անձանց միջև՝ ամուսնու ծնողներ և այլք:

Աշխարհում ընդհանուր ընտանիքների հաշվարկով, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վիճակագրական տվյալների, ընտանեկան բռնությունը կազմում է շուրջ 35% (միայն պաշտոնական տվյալներով):

ՀՀ-ում ընտանեկան բռնությունների խնդիրը ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2000-ական թթ.-ից՝ պայմանավորված ընտանիքում ամուսնու կողմից կանանց, ծնողների կողմից երեխաների, երեխաների կողմից տարեց ծնողների և այլոց նկատմամբ իրականացվող բռնությունների օրըստօրե ավելացող քանակով: Համաձայն 2000-ական թթ. ազգային վիճակագրական տվյալների՝ ընտանեկան բռնության գրանցված դեպքերը տարեկան չէին գերազանցում 800-ը: 2012 թ. արձանագրվեց ընտանեկան բռնության 766, 2013 թ.՝ 500, 2014 թ.՝ 575, իսկ 2015 թ.՝ 645 դեպքեր: Միաժամանակ, 2015 թ.-ի տարեսկզբին արձանագրված բռնություններից 392-ը եղել է ուղղված կանանց դեմ, իսկ կանանց կողմից 11-ը՝ տղամարդկանց դեմ, ծնողների կողմից երեխաների նկատմամբ՝ 56, երեխաների կողմից ծնողների նկատմամբ՝ 85, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքի այլ անդամների կողմից՝ բռնության 13 դեպքեր և այլն:

Մինչդեռ, տարբեր աջակցման կենտրոնների կողմից ոչ պաշտոնական տվյալների հավաքագրումը փաստում է, որ ՀՀ-ում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնությունների շուրջ 2000 դեպք՝ մեծամասամբ ուղղված կանանց դեմ:

ՀՀ մարզերի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում ընտանեկան բռնությունների իրականացման տեսակարար կշիռը և առանձնահատկությունները՝ ըստ դաստիարակության, կրթվածության, աշխատունակության, զբաղվածության աստիճանի, սոցիալական ապահովվածության, ընտանեկան հարաբերությունների կառուցման, ամուսնական կարգավիճակի, երեխաների թվի և այլն, տարբեր են: Մարզերի շարքում ընտանեկան բռնությունների առավել մեծ թվով աչքի են ընկնում Գեղարքունիքը, Լոռին, Արմավիրը, Վայոց ձորը, իսկ առավել նվազ քանակով՝ Տավուշը և Սյունիքը: Մայրաքաղաք Երևանում ընտանեկան բռնությունների գրանցման տեսակարար կշիռը մեծ է: Սա բխում է նրանից, որ քաղաքացիները ավելի իրազեկ են, խնդրին ցուցաբերում են գրագետ մոտեցում՝ կոտրելով հասարակական կարծրատիպերը, հաղթահարելով հոգեբանական պատնեշները, որի արդյունքում օգնության նպատակով դիմում են համապատասխան կառույցներին, որոնք էլ արձանագրում և պաշտոնապես գրանցում են բռնության դեպքերը: Մինչդեռ, մարզերում բռնությունների պաշտոնապես գրանցման դեպքերը համեմատաբար քիչ են, որն էլ արհեստականորեն նվազեցնում է բռնությունների գործադրման իրական քանակը:

Ստորև ներկայացնենք ընտանեկան բռնությունների հիմնական պատճառները.

Սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը: Մասնավորապես, որքան ցածր է ընտանիքի ամսական եկամուտը, այնքան մեծ է նվաստացումների, բռնությունների իրականացման հավանականությունը:
Կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը:
Ընտանիքում ամուսնու, կնոջ կամ ընտանիքի այլ անդամի կողմից խմիչքից, թմրանյութերից կախվածությունը, խաղամոլությունը, հոգեկան հիվանդությունների առկայությունը և այլն:
Ընտանեկան հարաբերությունների կառուցման ոչ կիրթ և գրագետ մոտեցումը, փոխըմբռնման բարդությունները և այլն:
Ընտանեկան ագրեսիայի և բացասական էմոցիաների դուրսհանումը բռնության միջոցով:
Բռնության միջոցով ազդեցության և վերահսկողության հաստատում, կամքի թելադրում և այլն:
Դիտարկենք ՀՀ-ում ընտանեկան բռնության ամենատարածված տեսակներն իրենց առանձնահատկություններով.

Ընդգծված սեռային (գենդերային) բնույթը.

ՀՀ-ում, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ցածր է գրագիտության, կրթվածության աստիճանը, առկա են սոցիալ-տնտեսական դժվարություններ, կենցաղային ծանրաբեռնվածություն, իրավունքներից անիրազեկվածություն, կախվածություն ամուսնուց ու ամուսնու ընտանիքից, որոնց զուգահեռ՝ մեծ է կանանց նկատմամբ բռնությունների տեսակարար կշիռը:

Համատեղ կյանքի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը իրականացվում է հետևյալ ձևերով՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական:

Վիճակագրությունը փաստում է, որ ամուսինների կողմից կանանց նկատմամբ բռնության իրականացումը սովորաբար հանգեցնում է նաև ամուսնու հոր, մոր, եղբոր կամ քրոջ (իհարկե, առկայության դեպքում) կողմից եթե ոչ ֆիզիկական կամ սեռական, ապա հոգեբանական ու տնտեսական բռնության: Պատահական չէ, որ պաշտոնապես և ոչ պաշտոնապես գրանցված տվյալների համաձայն՝ բռնության դեպքերը հավասարաչափ կիրառվել են ամուսնու և վերջինիս ազգակիցների կողմից ևս:

Հավելենք նաև, որ շատ ՀԿ-ների կողմից (արևմտյան դրամաշնորհների գայթակղությամբ, քաղաքական պատվերով և այլն) ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը դիտարկվում է որպես գենդերային (սեռային) հիմնախնդիր: Անշուշտ, ընտանեկան բռնությունն իր մեջ ներառում է գենդերային բռնության տարրեր, սակայն պետք է ցուցաբերել գրագետ մոտեցում և ընտանիքում առկա կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը չորակել իբրև գենդերային՝ վերջինիս օտարելով ընտանեկան բռնության հիմնախնդրից:

Ստորև ներկայացնենք ընտանիքում գենդերային բռնության կիրառման հիմնական գործոնները.

Ազգային մենթալիտետը և հասարակության մեջ ազգային մտածելակերպով պայմանավորված կարծրատիպերը, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր ընտանեկան խնդիր պետք է լուծվի կնոջ նվաստացման և բռնության կիրառման միջոցով:
Կնոջ դերի արժեզրկումը և թերագնահատումը, ընտանեկան անհամատեղելիությունը, ամուսնու և նրա ընտանիքի մյուս անդամների միջև վատ հարաբերությունները, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ ինքնահաստատման փորձերը և այլն:
Ամուսնու գործազրկության հանգամանքը, որը հանգեցնում է կնոջ կողմից անընդմեջ նախատինքով, քննադատությամբ, ամուսնու կողմից բացասական լիցքերի կուտակմամբ, որն էլ վերջնական արդյունքում ավարտվում է կնոջ նկատմամբ բռնության կիրառմամբ:
Սոցիալական դժվարությունների առկայությունը, ընտանեկան հոգսերի, երեխաների պահանջների ավելացումը, լարվածությունների ցիկլիկ բնույթը, որն էլ պայմանավորում է ընտանեկան մթնոլորտի խաթարմանը և ուժի կիրառմանը:
Իրավական դաշտում բռնարարի նկատմամբ քրեական պատասխանատվության բացակայությունը, օրինապահ մարմինների անտարբերությունը և պետական, իրավական աջակցության ցածր մակարդակը:
Վաղ տարիքում ծնողների կողմից պայմանավորվածության արդյունքում կայացած ամուսնությունները, ընտանեկան դերերի սխալ բաշխումը, տղամարդու կողմից իր հեղինակության, վերահսկողության հաստատումը բռնության միջոցով և այլն:
Իրականացված սոցիալական հարցումները փաստում են, որ ՀՀ-ում 10-ը կանանցից 3-ը ենթարկվում է ֆիզիկական բռնության, իսկ նրանց 66%-ը՝ հոգեբանական ճնշման և վարքի վերահսկման, մոտ 1%-ը՝ ֆիզիկական-սեռական խոշտանգման:

Պաշտոնական տվյալները վկայում են, որ ամեն տարի ընտանեկան բռնությունների հետևանքով ՀՀ-ում սպանվում է 6-10 կին: Միայն 2010-2015 թթ. ընթացքում ընտանեկան բռնության համատեքստում դաժան ծեծի կամ դանակահարման հետևանքով մահացել է շուրջ 30 կին, որի հետևանքով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի: Թերևս, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ կանանց մահացության 11 դեպք: Կանանց նկատմամբ բռնության դեպքեր կիրառվել են նաև հղիության ընթացքում (պաշտոնական տվյալներով՝ 30%, ոչ պաշտոնական՝ 70%), որն էլ հանգեցրել է նորածին երեխաների մոտ տարբեր շեղումների, ֆիզիկական արատների և այլն: 2015 թ. կանանց նկատմամբ պաշտոնապես գրանցվել է սեռական բռնությունների 5 դեպք: Սակայն, ըստ ոլորտի մասնագետների, դրանց թիվն ավելի մեծ է, իսկ համապատասխան իրավապահ մարմիններին չեն դիմում, քանի որ հասարակությունը այս հարցի բարձրաձայնումը պիտակավորում է որպես ազգային արժեքներին ոչ հարիր:

Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում դիտվում է ոչ համաչափ. սա պայմանավորվում է նաև կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնության կիրառման դեպքերով դեպքերով, որը 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում գերազանցում է 145-ը՝ հիմնականում կրելով հոգեբանական և տնտեսական բնույթ: Տղամարդկանց նկատմամբ բռնությունն արտահայտվում է կայուն եկամուտ ունեցող, բարձր դիրք զբաղեցնող կանանց կողմից: Այսինքն՝ այստեղ խեղվում են ընտանեկան դերերն ու գործառույթների տարբաժանումը, որի արդյունքում կինը դառնում է ֆինանս հայթայթող, իսկ տղամարդը՝ կենցաղային հոգսերը հոգացող, երեխաներին խնամող և այլն: Տնտեսական բռնությունն արտահայտվում է, երբ կայուն եկամուտ ունեցող կինը զրկում է տղամարդուն ընտանեկան եկամուտը տնօրինելուց և այլն: Սովորաբար տղամարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը վեր չի հանվում, քանզի տղամարդիկ հանդիսանում են «ուժեղ» սեռի ներկայացուցիչներ, իսկ վերջիններիս նկատմամբ կիրառվող բռնությունը «թույլ» սեռի ներկայացուցիչների կողմից դիտարկվում է որպես ոչ պատվաբեր և ամոթալի: Ուստի անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ՝ պաշտպանելու ոչ միայն կանանց իրավունքները, այլև տղամարդկանց:

Ծնողների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնություն:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր 5 տարին 1 աշխարհում ընտանեկան բռնությունների արդյունքում մահանում են շուրջ 2000-3000 երեխաներ, ամեն օր տանից փախչում է մոտ 100.000 երեխա, իսկ տարվա կտրվածքով երեխաների շրջանում ինքնասպանություն կատարելու փորձերի քանակը հասնում է 2000-ի:

ՀՀ-ում ստույգ վիճակագրական տվյալներ այս հիմնախնդրի շրջանակներում չկան, քանզի չկա պետության կողմից երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ պետական վիճակագրության վարում, որի տվյալները հնարավոր կլիներ կիրառել վերլուծության մեջ: Փոխարենը վիճակագրական տվյալները ամփոփում է ՀՀ Ոստիկանությունը, սակայն դրանց փոքր մասն է լուսաբանվում և որակվում որպես ծնողի կողմից իրականացված ընտանեկան բռնություն:

Այսպիսով, ՀՀ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. անչափահասների նկատմամբ կիրառվել է ընտանեկան բռնության 12, 2014 թ.-ին՝ ընտանեկան բռնության 10 դեպք, որի ընթացքում կիրառվել է ֆիզիկական բռնություն, և վնաս է հասցվել երեխայի առողջությանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014 թ.-ին տարբեր թիրախային խմբերում իրականացված «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հարցումների համաձայն՝ երեխաների 27%-ը ընտանեկան շրջապատում ենթարկվում է բռնության, որից 68%-ը կրում է ֆիզիկական, 48%-ը՝ հոգեբանական բնույթ, որից 30%-ը՝ անտեսում (նշենք, որ ֆիզիկական-հոգեբանական բռնության տեսակները կարող են կիրառվել միաժամանակ): Հարկ է նկատել, որ մայրերի կողմից անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման դեպքերը կազմում են մոտ 72%, իսկ հայրերի կողմից՝ շուրջ 50%՝ ըստ սոցիալական հարցումների:

Անչափահասների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող ընտանեկան բռնության պատճառները.

Ծնողներն իրենք էլ են իրենց մանկության տարիներին զգացել ընտանեկան բռնության ազդեցությունը, որի արդյունքում դրսևորում են ագրեսիվ վարք:
Հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական անկայուն վիճակով, հոգեբանական ընկճվածությամբ, բացասական լիցքերի կուտակմամբ, որն էլ դառնում է երեխայի նկատմամբ ընտանեկան բռնության կիրառման պատճառ:
Ծնողների կողմից ֆիզիկական կամ մտավոր խանգարումները, ալկոհոլից, թմրանյութերից կախվածությունը, խաղամոլությունը և այլն:
Դեռահասների շրջանում ամուսնությունները, երբ ծնողները, դեռևս չհասունացած, սկսում են «պատասխանատվություն» կրել մեկ այլ անձի, այս դեպքում՝ երեխայի նկատմամբ:
Երբ ընտանիքում առկա է բռնություն ծնողների միջև. սա վերջնական արդյունքում դրսևորվում է նաև երեխաների նկատմամբ:
Ծնողների կողմից վերահսկողություն հաստատելու, կամքի պարտադրման արդյունքում և այլն:
Անչափահասներին ՀՀ-ում ծնողները օգտագործում են նաև տնտեսական շահագործման նպատակով՝ ֆինանսի հայթայթման, մուրացկանության և այլն: Սա առաջնային բխում է ընտանիքների սոցիալական ծայրահեղ դրությունից, որն իր ազդեցությունն է ունենում նաև ծնող-երեխա փախհարաբերությունների կառուցման տիրույթում:

Թերևս, ամենավտանգավոր բռնության տեսակները համարվում են ֆիզիկականն ու հոգեբանականը: Այս երկուսի համակցման արդյունքում կարող է ի հայտ գալ հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, որն էլ հետագայում կարող է անդրադառնալ ինչպես անհատի ֆիզիկական-հոգեբանական առողջության, այնպես էլ անձնական հարաբերությունների կառուցման վրա: Ուստի պետք է վերանայվեն երեխային պատժելու, նախատելու ավանդական մոտեցումները: Եվ ամենակարևորը՝ ծնողը հանդիսանում է երեխային կողմնակի ազդեցություններից պաշտպանման, անվտանգության ապահովման և բռնության կանխարգելման երաշխիք:

Հավելենք, որ պաշտոնական տվյալները փաստում են ընտանեկան բռնությունների արդյունքում թե՛ կանանց, թե՛ երեխաների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի առկայությունը, սակայն դրանց տեսակարար կշիռը սովորաբար փոքրացվում է, իսկ հասարակական տարբեր կազմակերպությունների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից, ընդհակառակը, ուրճացվում է՝ ելնելով օտարերկրյա, հիմնականում՝ Արևմուտքի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրերից, քաղաքացիական հասարակության զարգացման տարբեր սցենարներից և այլն, որոնք ունեն հստակեցված գերակայություններ և հետապնդում են կոնկրետ նպատակներ հանրային-սոցիալական խնդիրների, այսպես կոչված, լուծման շրջանակներում: Սակայն վերջնարդյունքում ոչ միայն չեն կրճատվում բռնության դեպքերը (քանզի չի վերանում պատճառը), այլև ընկնում է պետության վարկանիշը միջազգային հարթակում:

Ընտանեկան բռնության՝ որպես հանրային հիմնախնդրի ազդեցությունը և հաղթահարման ուղիները.

Ընտանեկան բռնությունը համարվում է ոչ միայն ներընտանեկան հիմնախնդիր, այլև իրավախախտում, մարդու իրավունքների ոտնահարում՝ ուղեկցվելով քրեական պատասխանատվությամբ: Ընտանեկան բռնությունը իր հերթին հանդիսանում է իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիր՝ քաղաքական հետևանքներով:

Կանանց կողմից իրականացվող ընտանեկան բռնությունների առաջնային նախապայմաններից են բարձր եկամուտն ու գույքի տնօրինումը, իսկ արական սեռի ներկայացուցիչների դեպքում՝ գործազրկությունը, ցածր աշխատավարձը և այլն: Այստեղ իրենց դերն են ունենում նաև անհատական, հասարակական, համայնքային մակարդակում սոցիալական ընկալումների, կարծրատիպերի դերը, տարբեր պետական ինստիտուտների աշխատանքի թերացումները և այլն:

Ընտանեկան բռնությունը ունենում է իր բացասական հետևանքները թե՛ հասարակության շրջանում ամրապնդվող ընտանեկան պատկերացումների, կին-ամուսին, ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցման, թե՛ երեխաների մոտ առանձին բնավորության գծերի ձևավորման և արտահայտման տիրույթում:

Ընտանեկան բռնությունը առաջնային խախտում է ընտանիքի գործունեության, վերարտադրողականության և առողջ փոխհարաբերման բնականոն վիճակը: Առաջանում են ագրեսիա, վախի մթնոլորտ, տիրում են սուբորդինացիոն (ենթակայական) հարաբերություններ կնոջ և ամուսնու միջև, առաջանում է միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն, պարբերաբար վիճաբանություններ, կոնֆլիկտներ, միմյանց մեղադրելու զգացողություն, որի արդյունքում երեխաները ականատես են լինում ծնողների կողմից միմյանց նկատմամբ ոչ հանդուրժող, անբարյացակամ վերաբերմունքին, որն էլ դառնում է ընտանեկան զոհի հոգեբանության կայացման, հետագայում էլ ընտանիքի ամբողջական պատկերի թյուր ընկալման պատճառներից:

Հարկ է ընդգծել, որ ՀՀ-ում դեռևս գոյություն չունի ընտանեկան բռնությունների ոլորտը կարգավորող համալիր օրենք, պաշտոնական վիճակագրության հստակ ցուցանիշներ: Անշուշտ, ՀՀ ոստիկանությունը տրամադրում է որոշակի տվյալներ, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության ցուցանիշներին, սակայն դրանք էլ միմիայն այն պայմաններում, երբ ֆիզիկական բռնության ենթարկված անձը դիմել է բուժօգնության պետական որևէ հաստատություն:

2012 թ.-ից շրջանառության մեջ դրվեց «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն սահմանում է, թե ինչ է ընտանեկան բռնությունը, բռնության կանխարգելման միջոցներն ու տեսակները, ֆինանսական և բարոյական աջակցության տրամադրման կարգը, ընտանեկան բռնության համար նախատեսված պատասխանատվության չափը և այլն: Սակայն օրենքի նախագիծը հետ ուղարկվեց ՀՀ կառավարության կողմից՝ հարակից օրենքներում ևս համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարականով: Մշակվեց օրենսդրական փաթեթ, որը ներառեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ (Ոստիկանության մասին օրենք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, Վարչական և Քրեական դատավարության օրենսգիրք և այլն): Սակայն նախագիծը մինչ օրս չի ընդունվել՝ պայմանավորված ազգային մտածելակերպի առանձնահատկություններով և հասարակության մեջ տեղ գտած կարծրատիպերով: Այս հանգամանքը իր հերթին առաջ է բերում մի շարք դժվարություններ ինչպես ընտանեկան բռնության զոհի շահերը պաշտպանելու, այնպես էլ բռնություն կիրառողի նկատմամբ իրավական պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ: Իրենց հերթին էլ մասնավոր բողոքները արդյունավետ չեն, քանի որ համալիր կերպով չեն պաշտպանում զոհին բռնարարից:

Թերևս, հիմնախնդրի հաղթահարման կարևոր և առաջնային քայլերից է գյուղական և քաղաքային համայնքների մակարդակով իրավագիտակցության բարձրացման, հասարակության իրազեկման, իրավունքների մասին պատկերացում կազմելու միջոցառումների իրականացումը, որ ընտանեկան բռնությունը համարվում է ոչ թե կենցաղի անբաժան մասնիկը, այլ հանցավոր գործունեություն: Հավելենք, որ այստեղ գերակայությունը տալիս ենք ֆիզիկական-սեռական բռնության առկայությանը կին-տղամարդ հարաբերությունների տիրույթում: Իսկ թե որն է հոգեբանական-տնտեսական բռնության սահմանը, սա պետք է իր համար հստակեցնի յուրաքանչյուր ընտանիք: Բացի վերը նշվածից՝ պետք է լինի նաև համագործակցություն պետության և տարբեր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ապաստարաններ տրամադրող կառույցների, հոգեբանների և ոլորտի համապատասխան մասնագետների միջև:

Իրավամբ, ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության արդյունքում տուժած անձը, լինելով գիտակից, իրազեկ, չի դիմում համապատասխան իրավական մարմինների օժանդակությանը (ոստիկանություն): Պատճառն այն է, որ դիմելու դեպքում էլ ոստիկանները ոչ միայն չեն պաշտպանում տուժածի իրավունքները, այլև համոզում են զոհին վերադառնալ ընտանիք՝ այն չքայքայելու միտումից ելնելով: Իսկ ապահարզանի դեպքում էլ մեծ է հավանականությունը, որ հասարակությունը կպիտակավորի թե՛ կնոջը (տղամարդուն ևս), թե՛ նրա երեխաներին: Կա նաև հետևյալ երևույթը, երբ ընտանեկան բռնություն առկա ընտանիքներում ծնվում են թվով 3-4 և ավելի երեխաներ (սա էլ, թերևս, բխում է ընտանիքը չքայքայելու միտումից, անձնական հարաբերությունների կառուցման անիրազեկվածությունից):

Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից ենք համարում նաև սոցիալ-տնտեսական նպաստավոր պայմանների ստեղծումը՝ արդյունաբերական գործարանների կառուցում, մշտական աշխատանքով ապահովում, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներին նպաստների տրամադրում և այլն: Այս քայլը փոքր-ինչ կնվազեցնի սոցիալական խնդիրների հենքով պայմանավորվող ընտանեկան վեճերի ու բռնությունների տեսակարար կշիռը:

Վերլուծությունից ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունը հանդիսանում է ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներից, որը պետք է հաղթահարել՝ ցուցաբերելով կիրթ, գրագետ և համալիր մոտեցում՝ համագործակցելով պետական և ոչ պետական կառույցների հետ: Ընտանեկան բռնությունների մասին ՀՀ օրենքի ընդունումն էլ կհանդիսանա զսպող մեխանիզմ ոչ միայն բռնարարի, այլև իրավապաշտպան մարմինների համար՝ զոհին անօգնական չթողնելու տեսանկյունից: Եվ եթե նախկինում 11 տարի շարունակ ընտանեկան բռնություն կիրառած բռնարարին դատարանը տալիս է ընդամենը 50.000 դրամ տուգանք, ապա կոնկրետ օրենքի առկայության դեպքում, ըստ բռնության իրականացման տևողության, ձևի, բովանդակության, վնասի և այլն, կսահմանվի կոնկրետ պատիժը կրելու տեսակը՝ համապատասխան ժամանակահատվածով:

Այսպիսով, օրենսդրաիրավական դաշտի հստակեցումը, տարբեր կառույցների միջև համագործակցության խթանումը, հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարումը, սոցիալ-տնտեսական երաշխիքների տրամադրումը կհանդիսանան հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից: Անշուշտ, համալիր մոտեցման համար անհրաժեշտ է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձի կամքը և ցանկությունը՝ պատվով հաղթահարելու առկա դրությունը:
2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանության է ենթարկվել 4 կին

 Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հուլիսի 11-ին «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց, որ ոստիկանությունը պատրաստակամ է պայքարել ընտանեկան բռնության դեմ: Նա ներկայացրեց 2016 թվականի վեց ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը: Նելլի Դուրյանն ասաց, որ վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, նախորդ տարվա 342-ի դիմաց: Կենակցի կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45: Նախորդ տարվա ընթացքում կենակցի կողմից արձանագրված ընտանեկան բռնություններ չեն արձանագրվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 205-ն դեպք է արձանագրվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 4, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 29, զավակի կողմից կնոջ նկատմամբ՝ 50: 2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանության է ենթարկվել 4 կին, ներառյալ նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցած սպանությունը: Սպանությունից երկու դեպքում հանցագործությունը կատարել են ընկերները, երրորդը՝ դուստրը սպանել է մորը: Նելլի Դուրյանը նաեւ հայտնեց, որ ոստիկանությունում ընտանեկան կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տված 544 ընտանիք է հաշվառվել, նախորդ տարի այդ թիվը եղել է 402: Այդ ընտանիքներից 219-ը հաշվառված են Երեւանում, 99-ը ընտանիք հաշվառված է Կոտայքի մարզում, 67-ը՝ Շիրակում եւ 66-ը՝ Լոռիում: «Սա խոսում է այն մասին, որ ավելի շատ են վստահում, սա խոսում է նրա մասին, որ ստեղծվել է համապատասխան վարչությունը, որ ազգաբնակչության իրավագիտակցությունն է բարձրացել, որ մեր հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ աշխատանք են իրականացնում, քարոզչական արշավները բավականին ակտիվ են: Ինչ վերաբերվում է ընտանիքներին, որոնց թիվը ավելացել է 142-ով, սա իհարկե՛, խոսում է նրա մասին, որ ինչու չէ նաեւ ոստիկաններն են ավելի շատ սկսել հայտնաբերել այդ ընտանիքներին, որտեղ որ վատ եւ անհաշտ մթնոլորտ է, ավելի շատ են սկսել հաշվառել: Միգուցե նաեւ ավելացել է այս ընտանիքների թիվը, ինչը չի բացառվում»,- ասաց Նելլի Դուրյանը: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/11/713735/ 

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից